Վեներաբանություն
ՄԻԱՎ վարակ
ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը: Ներթափանցելով օրգանիզմ` ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային (պաշտպանական) համակարգը, ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է վարակների, նաև մի շարք չարորակ ուռուցքների դեմ պայքարելու ունակությունը:
ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ ժամանակի ընթացքում զարգանում են մի շարք հիվանդություններ, որոնք իմունային համակարգի բնականոն վիճակի պայմաններում չէին զարգանա: Դրանց անվանում են օպորտունիստական հիվանդություններ անգլերեն «opportunity»՝ հնարավորություն բառից, քանի որ ՄԻԱՎ-ը, թուլացնելով իմունային համակարգը, դրանց զարգանալու հնարավորություն է տալիս: Դրանք հիմնականում պայմանական ախտածին մանրէներով պայմանավորված վարակներ են և չարորակ նորագոյացություններ: Առավել հաճախ զարգացող օպորտունիստական հիվանդություններից են տուբերկուլոզը, պնևմոցիստային թոքաբորբը, Կապոշիի սարկոման, հերպեսը, սնկային հիվանդությունները: Օպորտունիստական հիվանդությունների զարգացումը վկայում է, որ ՄԻԱՎ վարակը թևակոխել է իր վերջնային՝ ՁԻԱՀ-ի` ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի փուլը:
Ի՞նչ ախտանշաններ կարող են լինել ՄԻԱՎ վարակի ժամանակ
ՄԻԱՎ-ով վարակվելը կարող է որևէ կերպ չարտահայտվել, այսինքն վարակվելուց հետո մարդը կարող է ախտանշաններ ընդհանրապես չունենալ: Այնուհանդերձ վարակվելուց հետո 3 շաբաթից մինչև 3 ամսվա ընթացքում վարակվածների 50-60%-ի մոտ կարող են ի հայտ գալ սուր ՄԻԱՎ վարակի առաջին նշանները` ընդհանուր թուլություն, գլխացավ, տենդ, հազ, պարանոցային, թևատակային ավշահանգույցների մեծացում: Հաճախ դա սխալմամբ ընկալվում է որպես մրսածություն, գրիպ կամ անգինա: Այս ախտանշանները լուրջ գանգատներ չեն առաջացնում, սովորաբար տևում են 2-3 շաբաթ և անհետանում: Բացառություն է կազմում ավշային հանգույցների մեծացումը, որը կարող է պահպանվել հիվանդության ողջ ընթացքում:
Օրգանիզմ ներթափանցած վիրուսն սկսում է ակտիվորեն բազմանալ: ՄԻԱՎ-ի դեմ պայքարելու համար օրգանիզմն սկսում է հակամարմիններ արտադրել, և վիրուսի խտությունն արյան մեջ զգալիորեն նվազում է: Սակայն ՄԻԱՎ-ը շարունակում է բազմանալ բջիջներում` ամեն օր վերարտադրելով իր միլիարդավոր պատճենները: Սկսվում է պայքար մարդու օրգանիզմի և ՄԻԱՎ-ի միջև: Մարդը, որի օրգանիզմում ընթանում է այդ պայքարը, դրա մասին նույնիսկ չի էլ կասկածում, քանի որ հիվանդության որևէ դրսևորում չի զգում: Հիվանդության այս փուլում միայն ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հետազոտությամբ կարելի է հայտնաբերել, որ մարդը վարակված է: Ժամանակահատվածը, որի ընթացքում ՄԻԱՎ-ով վարակված մարդու իմունային համակարգը դեռևս կարողանում է ինչ-որ չափով պայքարել վիրուսի դեմ, կարող է շարունակվել միջինը 8-10 տարի: Սա ՄԻԱՎ վարակի այսպես կոչված թաքնված, անախտանշանային շրջանն է, որի ընթացքում վարակված մարդը կարող է իրեն գործնականորեն առողջ զգալ, լավ ինքնազգացողություն, առողջ արտաքին ունենալ և նույնիսկ չկասկածել, որ վարակված է: Սակայն ՄԻԱՎ-ի շարունակվող բազմացումը թուլացնում է իմունային համակարգը: ՄԻԱՎ-ի քանակի ավելացմանը և օրգանիզմի պաշտպանական ունակությունների թուլացմանը զուգահեռ վարակված մարդու մոտ սկսում են ի հայտ գալ որոշակի ախտանշաններ` ախորժակի կորուստ, քաշի կորուստ, հոգնածություն, աշխատունակության անկում, տենդ, մաշկի ցանավորում, քրոնիկ լուծ, ավշային հանգույցների մեծացում: Այս փուլում վարակն արագ զարգանում է, ի հայտ են գալիս օպորտունիստական հիվանդություններ, որոնք կարող են դառնալ հիվանդի մահվան պատճառ:
Այսպիսով, ՄԻԱՎ-ով վարակվելու պահից մինչև ՁԻԱՀ-ի առաջին նշանների դրսևորումը կարող է անցնել 8-10 տարի: Ժամանակակից hակառետրովիրուսային բուժումը հնարավորություն է տալիս էապես երկարացնելու այդ ժամանակահատվածը:
ՁԻԱՀ-ն ավելի արագ է զարգանում այն մարդկանց մոտ, ում առողջությունն ի սկզբանե խաթարված է եղել: Դրա զարգացումն արագանում է վնասակար ազդակների՝ թմրամիջոցների գործածման, ոգելից խմիչքները և ծխելը չարաշահելու, վատ սնվելու և սթրեսների հետևանքով:
ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները
ՄԻԱՎ վարակի աղբյուրը ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ են հիվանդության ցանկացած շրջանում: Նրանց մոտ ՄԻԱՎ-ը հայտնաբերվում է օրգանիզմի բոլոր կենսաբանական հեղուկներում, սակայն վարակվելու համար բավարար քանակությամբ վիրուս կա միայն օրգանիզմի որոշակի հեղուկներում: Հաստատված է, որ ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել միայն՝
- արյան,
- սերմնահեղուկի,
- հեշտոցային արտազատուկների,
- մայրական կաթի միջոցով:
Դա նշանակում է, որ ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել՝
- սեռական ճանապարհով՝ բոլոր տեսակի (հեշտոցային, հետանցքային, բերանային) ներթափանցող սեռական հարաբերությունների ժամանակ,
- արյան միջոցով՝ թմրամիջոցների ներարկային գործածման ժամանակ ներարկման ընդհանուր պարագաներ (ներարկիչներ, ասեղներ, ֆիլտրեր, գդալներ և այլն) օգտագործելիս, չախտազերծված գործիքներով դաջվածքներ կատարելիս, արյան փոխներարկման, օրգանների, հյուսվածքների փոխպատվաստման ժամանակ,
- ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխան կարող է վարակվել հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ, կրծքով կերակրվելիս:
ՄԻԱՎ-ի փոխանցման այլ ուղիներ չկան
ՄԻԱՎ-ը չի փոխանցվում՝
- ձեռքսեղմման, համբույրի, գրկախառնվելու ժամանակ,
- հեռախոսից, համակարգչից օգտվելիս,
- հագուստի և սպիտակեղենի միջոցով,
- հազի կամ փռշտոցի միջոցով,
- ջրի, սննդի, սպասքի միջոցով,
- լողավազանում լողալիս, շոգեբաղնիք, մարզասրահ հաճախելիս, հասարակական զուգարանից օգտվելիս,
- մոծակի կծելու միջոցով:
Կենցաղային շփումների ժամանակ հնարավոր չէ վարակվել ՄԻԱՎ-ով:
Ինչպե՞ս կարող է մարդն իմանալ, որ վարակվել է ՄԻԱՎ-ով
ՄԻԱՎ-ի՝ օրգանիզմ ներթափանցելու պահին մարդը չի ունենում ոչ մի արտասովոր զգացողություն: Ավելին, վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ գանգատ չունենալ: Մարդու արտաքին տեսքից ևս հնարավոր չէ կռահել՝ վարակված է նա, թե ոչ: ՄԻԱՎ-ով վարակված մարդը կարող է միանգամայն առողջ տեսք ունենալ:
Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայության մասին կարելի է իմանալ միայն անցնելով լաբորատոր հետազոտություն: Արյան ընդհանուր կլինիկական կամ կենսաքիմիական հետազոտությամբ, քսուկների հետազոտությամբ հնարավոր չէ հայտնաբերել ՄԻԱՎ-ը: Դրա համար հարկավոր է անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հատուկ հետազոտություն՝ իմունաֆերմենտային անալիզ (ԻՖԱ):
Ինչպիսի՞ն կարող է լինել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության արդյունքը
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության արդյունքը կարող է լինել դրական կամ բացասական:
Դրական արդյունքը նշանակում է, որ հետազոտվողի արյան մեջ առկա է ՄԻԱՎ: Այդպիսի մարդու մասին ասում են, որ նա ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական է:
Բացասական արդյունքը նշանակում է, որ հետազոտվողի արյան մեջ ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ չեն հայտնաբերվել, ինչն ամենայն հավանականությամբ վկայում է նրա մոտ վարակի բացակայության մասին: Սակայն գոյություն ունի այսպես կոչված «պատուհանի շրջան», որի ընթացքում ևս հետազոտության արդյունքը կարող է լինել բացասական:
Ի՞նչ է «պատուհանի շրջանը»
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությամբ հայտնաբերվում են վիրուսի նկատմամբ առաջացած հակամարմինները: Հայտնաբերվելու համար բավարար քանակությամբ հակամարմիններ վարակվածների մեծ մասի արյան մեջ ի հայտ են գալիս վարակվելուց միջինը 3 ամիս հետո: Այդ ժամանակահատվածը, երբ մարդը վարակված է ՄԻԱՎ-ով, սակայն դրա նկատմամբ առաջացած հակամարմինների քանակը դեռևս բավարար չէ արյան լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվելու համար, կոչվում է «պատուհանի շրջան»: Այդ պատճառով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն պետք է անցնել հնարավոր վարակման պահից առնվազն 3 ամիս հետո: Չնայած «պատուհանի շրջանում» ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության բացասական արդյունքին՝ արդեն իսկ այս շրջանում վարակված մարդը կարող է վարակը փոխանցել ուրիշներին:
Ի՞նչ նշանակություն ունի ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հնարավորություն է տալիս ախտորոշելու ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, երբ հիվանդության արտաքին դրսևորումներ դեռևս չկան:
Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու, հետագա ապրելակերպի վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնելու, ուրիշներին վարակը չփոխանցելու համար: Հիվանդության վաղ ախտորոշումը հատկապես կարևոր է հղիների կամ հղիություն ծրագրող կանանց համար, քանի որ ժամանակին իրականացված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ՄԻԱՎ վարակ ունեցող կինը կարող է 98-99% դեպքերում ունենալ առողջ երեխա:
Ժամանակին սկսված համապատասխան բուժումը հնարավորություն է տալիս՝
- հետաձգելու ՁԻԱՀ-ի փուլի զարգացումը,
- երկարացնելու հիվանդի կյանքի տևողությունը և բարելավելու դրա որակը,
- զգալիորեն նվազեցնելու ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը (մինչև 1-2%),
- մոտ 96%-ով կանխարգելելու զույգերի շրջանում ՄԻԱՎ-ի փոխանցումը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ժամանակակից բուժումը Հայաստանի Հանրապետությունում հասանելի է և ՀՀ քաղաքացիներին տրամադրվում է անվճար:
Ովքե՞ր ունեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու համար հարկավոր չէ սպասել մինչև ախտանշանների ի հայտ գալը: Դրանք կարող են դրսևորվել հիվանդության ուշ փուլերում: Անհրաժեշտ է, որ երբևէ ռիսկային, այսինքն՝ ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագիծ դրսևորած անձինք հետազոտվեն անկախ իրենց մոտ առողջական խնդիրների առկայությունից:
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն նրանք, ովքեր՝
- երբևէ օգտագործել են թմրամիջոցներ ներարկային ճանապարհով,
- ունեցել են ռիսկային սեռական կապեր, երբ հայտնի չէ զուգընկերոջ կարգավիճակը և չեն օգտագործել պահպանակ,
- երբևէ հիվանդացել են որևէ սեռավարակով,
- ունեցել են զուգընկեր, որի մոտ հայտնաբերվել է սեռավարակ,
- ունեն պարբերաբար արտագնա աշխատանքի մեկնող զուգընկեր,
- ունեն վիրուսային հեպատիտներ B կամ C,
- կատարել են դաջվածքներ կասկածելի մաքրության գործիքներով:
ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել նույնիսկ սեռական մեկ հարաբերության կամ թմրամիջոցի մեկանգամյա ներարկման հետևանքով:
Ի՞նչ անել ՄԻԱՎ-ով չվարակվելու համար
Դրա համար անհրաժեշտ է զերծ մնալ թմրամիջոցներ գործածելուց, օգտագործել միայն ախտազերծված ներարկիչներ, ասեղներ, բժշկական պարագաներ և դրսևորել անվտանգ սեռական վարքագիծ, այսինքն՝
- ունենալ միայն մեկ ՄԻԱՎ-ով չվարակված, հավատարիմ զուգընկեր և փոխադարձաբար լինել նրան հավատարիմ,
- խուսափել ռիսկային սեռական կապերից, իսկ դրա անհնարինության դեպքում մշտապես օգտագործել պահպանակ:
ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն կարելի է անցնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում (ք.Երևան, Ավան, Աճառյան 2): ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն անվճար է, ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, ցանկության դեպքում կարող է կատարվել անանուն: Հետազոտության արդյունքների գաղտնիությունը երաշխավորվում է:
ՄԻԱՎ վարակին առնչվող հարցերի պատասխաններ կարելի է ստանալ նաև «Թեժ գիծ» ծառայության միջոցով՝ 61-08-20, ամեն օր, բացի հանգստյան օրերից, ժ. 09.00-18.00:
Մեդ-Պրակտիկ
28.07.2015
Հարգելի Saqo, բարև Ձեզ: Ընդհանրապես հետազոտության արդյունքը պարզ է լինում մեկ-երկու օրվա ընթացքում:
Saqo
08.07.2015
Մեդ-Պրակտիկ
20.05.2015
Հարգելի Ա, E, ՄԻԱՎ-ի ախտորոշման համար կատարվում է իմունոֆերմենտայինն անալիզ: Արյան ընդհանուր անալիզի միջոցով հնարավոր չէ ախտորոշել ՄԻԱՎ-ը, եթե վիրուսի ներթափանցումից անցել է քիչ ժամանակ, հնարավոր է առաջին անալիզի պատասխանը բացասական լինի, և կրկնակի թեստի կարիք լինի որոշ ժամանակ անց: ՄԻԱՎ-ի անալիզ կատարվում է ոչ բոլոր լաբորատորիաներում, կարող եք ճշտել կոնկրետ լաբորատորիայից:
E
14.05.2015
Ա,
14.05.2015
Մեդ-Պրակտիկ
07.03.2015
Հարգելի КАРЕН, եթե սեռական կապը եղել է պատահական, և չեք օգտագործել պահպանակ, ապա սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիայի հավանականությունը մեծ է: Կախված կոնկրետ ինֆեկցիայից` կլինիկական ախտանիշները կարող են տարբեր լինել: Եթե կա արտադրություն առնանդամից, հարկավոր է վերցնել քսուք և պարզել հարուցչին, որից հետո սկսել համապատասխան բուժում: Եթե առկա է նաև շագանակագեղձի բորբոքում, բուն ինֆեկցիայի դեմ պայքարելուց բացի հակաբորբոքային բուժում է հարկավոր:
Մեդ-Պրակտիկ
05.03.2015
Հարգելի A..., ներկայումս դեռ մշակված չեն ՄԻԱՎ-ի վիրուսը օրգանիզմից ամբողջությամբ վերացնող միջոցներ: ՄԻԱՎԻ-դեպքում կիրառվում է այսպես կոչված հակառետրովիրուսային բուժում, որը դանդաղեցնում և գործնականում արգելակում է ՄԻԱՎ-ի վիրուսի գործունեությունը և կանխում դրա ՁԻԱՀ-ին անցնելուն: Այդ բուժումը զգալիորեն բարձրացնում է հիվանդների կյանքի որակը: Սակայն նշված թերապիայի երկարատև կիրառման դեպքում դրա արդյունավետությունը զգալիորեն նվազում է, և խնդիր է առաջանում նոր միջոցների մշակման : ՄԻԱՎ-ի բուժման համար մեծ նշանակություն ունի նաև առողջ ապրելակերպը:
КАРЕН
21.02.2015
A....
18.02.2015
Մեդ-Պրակտիկ
18.07.2014
Հարգելի Anna, դեղահաբով հղիանալ հասկացողություն ժամանակակից բժշկության մեջ գոյություն չունի: Դուք պետք է պարտադիր դիմեք գինեկոլոգի, հարկավոր է հստակեցնել Ձեր օրգանիզմի յուրահատուկ հորմոնային ստատուսը, ինչից էլ միանաշանակ բխում է կանոնավոր դաշտանային ցիկլի առկայությունն ու կանոնավոր ձվազատումները: Եթե դաշտանային ցիկլի փուլերից որևէ մեկի հետ խնդիր կա Ձեր օրգանիզմում, ապա կնշանակվի համապատասխան բուժում, որի հաջող ավարտից հետո էլ կկարողանաք հղիանալ: ՄԻԱՎ վարակի դեպքում՝ միայն գինեկոլոգների հետ խորհրդակցելուց հետո՝ նրանց ցուցմունքներով:
Anna
16.07.2014
Մեդ-Պրակտիկ
15.07.2014
Հարգելի Anna, Ձեզ ինչն է հետաքրքրում? Ուզում եք հղիանալ, թե դեղահաբ խմելով պաշտպանվել անցանկալի հղիությունից?
anna
13.07.2014
Մեդ-Պրակտիկ
10.07.2014
Հարգելի Anna, եթե Ձեր նշանածը ՄԻԱՎ վարակակիր է, և Դուք, բնականաբար, չեք ուզում վարակվել ՄԻԱՎ վարակով, ապա հարկավոր է մշտապես ունենալ պահպանակով պաշտպանված սեռական հարաբերություն, որի դեպքում վարակն անհավանական է: Իսկ երեխա ունենալու և հղիության հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կտան գինեկոլոգներն ու վարակաբանները:
Մի ավելացում ևս, եթե Ձեր ամուսինը ՄԻԱՎ վարակակիր է, ու դուք պաշտպանված սեռական հարաբերություն եք ունենում ապա չեք կարող հղիանալ: Կարծում եմ Ձեր համար ևս ամենաանվտանգ և ճիշտ տարբերակը կլինի արտամարմնային բեղմնավորումը, դոնորական սերմնահեղուկով: Իսկ առավել սպառիչ պատասխան Ձեր հարցին ու ճիշտ ուղղություն Ձեզ կտան գինեկոլոգներն ու վարակաբանները:
anjelika
09.07.2014
Anna
09.07.2014
Մեդ-Պրակտիկ
07.07.2014
Հարգելի Anjelika, ՄԻԱՎ վարակակիր զույգը մյուս զույգերի նման կարող է բնական նորմալ սեռական հարաբերության միջոցով երեխաներ ունենալ: Այս դեպքում, սակայն երեխայի ՄԻԱՎ վարակակիր լինելը ևս չի բացառվի, իսկ եթե հետազոտությունները ցույց տան, որ ընկերքային պատնեշը պտղին պաշտպանել է վարակվելու վտանգից հղիության ընթացքում, ապա երեխան լույս աշխարհ կգա բացառապես կեսարյան հատումով: Տեղեկացնեմ նաև, որ անխտիր բոլոր ՄԻԱՎ վարակակիր հղիները ծննդաբերում են բացառապես կեսարյան հատման ճանապարհով:
Anjelika
01.07.2014
ՀԵՂԻՆԵ
13.02.2014
իֆա անալիզը անվճար է, ողջ ՀՀ-ում:
Կարդացեք նաև
Կանդիդոզը միզասեռական օրգանների սնկային (candida) ախտահարումն է։ Որպես պայմանական ախտածին միկրոօրգանիզմ և մշտապես գտնվելով մաշկի և լորձաթաղանթի վրա, սնկերը կարող են երկար ժամանակ հիվանդություն չառաջացնել...
Խլամիդիոզը սուր վարակ է, որը կարող է ախտահարել տարբեր օրգանների լորձաթաղանթը, որտեղ կա գլանաձև էպիթել
Վտանգավոր բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է ժամանակին ախտորոշել...
Ցիտոմեգալիայի վիրուսը կարող է պատճառ հանդիսանալ տարբեր լուրջ վարակների առաջացման համար: Շատ հիանդություններ, այդ թվում ռետինիտը, կարող է զարգանալ ՄԻԱՎ վարակակիրների և հազվադեպ նաև օրգանների փոխպատվաստում տարած...
Գործնականում սեռական կյանքով ապրող յուրաքանչյուրը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության խնդիր ունեցել է: Այդ հիվանդությունները 30-ից ավելի են: Մահացու ՁԻԱՀ-ից մինչև խլամիդիա սեռական ճանապարհով են փոխանցվում...
Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները բավականին հաճախ են հանդիպում: ԱՄՆ-ում տարեկան գրանցվում է մոտավորապես 20 միլիոն նոր դեպք, որոնց կեսը հայտնաբերվում է 15-24 տարեկան անձանց մոտ...
Վեներական հիվանդություններն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճման միտում ունեն: Հայաստանում այդ հիվանդությունների, դրանց վիճակագրության, ախտորոշման եւ բուժման մեթոդների մասին NEWS.am Style-ի թղթակիցը զրուցել է Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի...
ՄԻԱՎ (Մարդու իմուն անբավարարության վիրուսային) վարակը հարուցվում է իմուն անբավարարության վիրուսի կողմից, որն ախտահարում և թուլացնում է մարմնի իմուն (անընկալ) համակարգը...
Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել...
- ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...
Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն